«Բարգավաճ Հայաստան» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունների միջեւ տարաձայնություններ չկան, կա պայքար, կա աշխատանք, քաղաքական դաշտում իրենց դիրքերն ուժեղացնելու ձգտում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առկա տարաձայնությունների մասին լուրերը։
Ծառուկյանը քաղաքական մնացած ուժերին կոչ արեց ԲՀԿ-ին վերաբերող իրենց արտահայտությունների մեջ կոռեկտ եւ զուսպ լինել։ «Մենք մեր հերթին կոռեկտ ենք այլ քաղաքական ուժերի նկատմամբ»,- հայտարարեց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ քաղաքական յուրաքանչյուր ուժ իր հզորությունը պետք է ցույց տա իր աշխատանքով։ «Այլ քաղաքական ուժերի դեմ ոչ կոռեկտ հայտարարություններով հանդես եկողները ցույց են տալիս իրենց թուլությունը»,- ընդգծեց ԲՀԿ առաջնորդը։
Նշենք, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի այն հայտարարությունները, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարաձայնություններ չկան եւ ՀՀԿ նպատակ չունի թուլացնել ԲՀԿ-ին, այլապես կարող էր անել դա, բուռն արձագանք էր գտել «Բարգավաճ Հայաստանում»։ Այս առումով, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը NEWS.am-ին ասել էր, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող թուլացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Նույն կարծիքն էր հայտնել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հերթին զարմանք էր հայտնել Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերին ԲՀԿ-ականների նման արձագանքի առնչությամբ։ «Չեմ հասկանում, թե ինչն է այսպես ազդել ԲՀԿ նեկայացուցիչների վրա։ Ռազմիկ Զոհրաբյանը մեկ անգամ եւս ասել է, որ կոալիցիայի շարքերում տարաձայնություններ չկան, եւ որ ամենաուժեղ քաղաքական ուժը՝ Հանրապետականը, չի ուզում թուլացնել իր կոալիցիոն գործընկերոջը»։





























