Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի միջեւ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, թե նախագահները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական հարձակման, եւ այդ գործողություններին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք պատասխանի մասին: ՀՀ Նախագահը հատուկ անդրադարձ է կատարել խաղաղ բնակչության հանդեպ գործադրած բռնություններին` համեմատելով դրանք տարածաշրջանի հայտնի ահաբեկչական խմբավորումների գործելաոճի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումների եւ ներկայիս այլ մարտահրավերների համատեքստում տարածաշրջանում լարվածության նոր օջախների բռնկումը չի բխում որեւէ մեկի շահերից եւ անհրաժեշտ է գործադրել բոլոր հնարավորությունները` խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նախագահ Ռոհանին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում:
Հայաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են նաեւ Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի հարցեր` համակարծիք լինելով, որ անհրաժեշտ է շարունակաբար խորացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ փոխշահավետ համագործակցությունը:





























