Ֆիննական Nokia վերազգային ընկերությունը ծրագրում է ամբողջ աշխարհում իր աշխատակիցների թիվը կրճատել 14%-ով՝ տարեկան ավելի քան 1 մլրդ դոլար խնայելու ծրագրի շրջանակում: Դա տեղի կունենա ֆրանսիական Alcatel-Lucent-ի հետ ձուլման գործարքի ավարտից հետո: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Այդպիսով, Nokia-ն 10-15 հազար աշխատատեղ կկրճատի: Շուրջ 1300 հոգի աշխատանքը կկորցնի Ֆինլանդիայում, իսկ, ընդհանուր առմամբ, կրճատումները կառնչվեն շուրջ 30 երկրներում ընկերության ներկայացուցչություններին:
Միավորվող ընկերություններում ներկայում շուրջ 104 հազար մարդ է աշխատում, այդ թվում Nokia-ում՝ 55 հազարը:
Հունվարին հայտարարվել էր Nokia-ի եւ Alcatel-Lucent-ի միավորման ուղղությամբ աշխատելու ուղղությամբ: Գործարքի արժեքը 15.6 մլրդ եվրո է:




























