Ապրիլի 1-ից 6-ը Արցախի զինված ուժերն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ունեցել են 32 զոհ, որից 8-ը՝ սպա, 24-ը՝ ժամկետային եւ պայմանագրային զինծառայող, 121 վիրավոր եւ 25 անհետ կորած:
Հակառակորդն ապրիլի 6-ին շարունակել է հրաձգային զենքից կրակել Լեռնային Ղարաբաղի սահմանի ամբողջ երկայնքով, հայկական կողմը չի պատասխանել, հավատարիմ մնալով հրադադարի պայմաանվորվածությանը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մանրամասնել է, որ ապրիլի 5-ին հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպման արդյունքում։
Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածել է Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի: Նախագահը անդրադարձել է նաեւ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին։
Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի եւ Իրանի նախագահների միջեւ։ Սերժ Սարգսյանը Լեռնային ղարաբաղում խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական կողմի բռնությունները համեմատել է տարածաշրջանի հայտնի ահաբեկչական խմբավորումների գործելաոճի հետ: Հասան Ռոհանին ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումների եւ ներկայիս այլ մարտահրավերների համատեքստում տարածաշրջանում լարվածության նոր օջախների բռնկումը չի բխում որեւէ մեկի շահերից։
Ադրբեջանի ագրեսիան աննախադեպ էր՝ լայնածավալ ռազմական գործողություններ՝ նոր սպառազինության կիրառությամբ եւ ահաբեկիչների եւ վարձկանների մասնակցությամբ, խորհրդարանում ասել է Սեյրան Օհանյանը: Չնայած դրան եւ հակառակորդի թվային առավելությանը՝ Արցախի Պաշտպանության բանակը կարողացել է հասնել հաջողության՝ ճիշտ կիրառելով առկա սպառազինությունը եւ տեխնիկան։
Հայրենակիցները Ալիեւի երեսով են տալիս բլից կրիգի ձախողված փորձը։ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին Ալիեւին հիշեցրել է՝ ինչպես էր հոխորտում, թե «պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք»:
«Բա ինչու՞ չկարողացաք վերցնել: Խնդրում եմ, այլեւս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու», -ասել է Քերիմլին:
ԼՂՀ իշխանությունները համաձայնել են, որ ԵԱՀԿ-ն դիտարկում անցկացնի շփման գծում։ Առայժմ հայտնի չէ Ադրբեջանի դիրքորոշումը։
Ապրիլի 9-ին տարածաշրջան կայցելեն Մինսկի խմբի համանախագահները։
Ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Երեւանից Ռուսաստանի վարչապետը կմեկնի Բաքու։
Ավելի ուշ՝ ապրիլի 21-22-ը նախատեսվում է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան։ Օրակարգում Լեռնային Ղարաբաղի խնդիրն է։











