Facebook ընկերությունը պատրաստվում է լրատվական պարբերականներին վճարել սոցցանցում առցանց-սթրիմինգի օգտագործման համար, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Re/Code-ին:

Ընկերությունը պատրաստ է Facebook Live ծառայությունը զարգացնել ոչ միայն հայտնի անձանց, այլեւ խոշորագույն լրատվական առցանց ռեսուրսների շրջանում, որոնց թվում են  Huffington Post-ը, BuzzFeed-ը եւ New York Times-ը:

«Մենք աշխատում ենք միանգամից մի քանի գործընկերոջ հետ, եւ որոշ դեպքերում մեր համագործակցությունը ֆինանսական պարգեւատրումներ է ենթադրում», — պարբերականին պատմել է Ֆիջի Սիմոն, որը պատասխանատու է  Facebook Live-ի զարգացման համար:

Սթրիմինգային տեսանյութերը օգտատերերին սոցցանցում պահելու եւ նրանց հավատարմությունը խթանելու լրացուցիչ հնարավորություն կդառնան Facebook-ի համար: Ենթադրվում է, որ գործընկերների առցանց  տեսանյութերը կհայտնվեն ֆեյսբուքի ալգորիթմորեն ձեւավորվող ժապավենի վերին մասում` ծառայությունը հայտնի դարձնելու համար:  Այս պահին այն գովազդ չի ենթադրում, այդ պատճառով վճարովի չի լինի, բայց հետագայում  Facebook Live-ում գովազդ այնուամենայնիվ կհայտնվի: