ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ ապրիլի 2-ի գիշերը, հայ ժողովրդի արիաբար կռվող բազմաթիվ զավակներից մեկն էլ 25-ամյա սպա Գեւորգ Բաղդասարյանն է: Արդեն 4 տարի նա ծառայում է ԼՂՀ զինված ուժերում, Մատաղիսի զորամասում:
«Ադրբեջանցիները վերցրեցին մեր դիրքերը, մենք առաջ եկանք, որ հետ վերցնենք: Ես վիրավորվեցի փոխհրաձգության ժամանակ: Նրանք շատ էին, մենք երկար պայքարում էինք: Երբ ես հասկացա, որ վիրավոր եմ, ինքնաձիգիս պահունակը լիքն էր, բոլոր փամփուշտները կրակեցի թշնամու ուղղությամբ, հետո ընկերոջս խնդրեցի ինձ դուրս բերել այդտեղից: Մենք 30 հոգով էինք»,-պատմում է Գեւորգն ու հավելում. «Ադրբեջանցիներն անհամեմատ շատ էին, բայց հակառակորդի կենդանի ուժի զգալի մասին կարողացանք ոչնչացրել: Մենք ծանր մարտեր էինք վարում, քանի որ նրանք զգալիորեն մեզնից շատ էին»:
Հարցին, տեղեկություններ ունի՞ իր հետ կողք-կողքի մարտի բռնված մյուս զինծառայողների վիճակի մասին, Գեւորգը հանգիստ պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է, մերոնք արդեն ազատագրել են մարտական դիրքերը: Ին զինծառայողները, փառք Աստծո, բոլորն էլ նորմալ վիճակում են: Մերոնցից, բարեբախտաբար, ոչ մեկին չենք կորցրել»:
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Կարեն Սեւտերտերյանի խոսքով, Գեւորգը դիմածնոտային վիրավորում է ստացել. գնդակը դիպել է գլխին ու ծակել-անցել: Նրան վիրահատել են: Գեւորգն արդեն ապաքինվում է:











