Երեւանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր՝ ապրիլի 7-ին, տեղի ունեցավ Արցախի պաշտպանության համար ապրիլի 3-ին իր 5 ընկերների հետ կամավոր Արցախ մեկնած եւ հակառակորդի հետ մարտնչելիս զոհված 49-ամյա Սարգիս Խալաֆյանի հոգեհանգիստը:

Սարգիսն արցախյան պատերազմի մասնակից է եղել եւ լսելով, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է, իր 5 ընկերների հետ անմիջապես մեկնել է սահման՝ հայրենիքը պաշտպանելու: Սարգիս Խալաֆյանի մասին խոսելիս նրա ընկերները միայն «հերոս», «հայրենասեր», «մեծ մարդ», «իսկական հայորդի» բառերն են օգտագործում:

Սարգիս Խալաֆյանի հետ ապրիլի 3-ին Արցախ մեկնած ազատամարտիկ Մարտուն Հարությունյանը (Չաուշ), որն ականատես է եղել, թե ինչպես է հակառակորդի հետ մարտնչելիս զոհվել Սարգիս Խալաֆյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր մարտական ընկերն ամեն ինչ արել է, որպեսզի թշնամու գնդակն իր վրա վերցնի եւ կարողանա  պաշտպանել մարտի դաշտում հակառակորդի հետ կռվող երիտասարդ զինվորներին:

«Սարգիսը մեծ ավանդ ունի մեր հայրենիքի պաշտպանության գործում, նա արցախյան պատերազմի մասնակիցներից էր եւ չէր կարող տանը նստել՝ իմանալով, որ հակառակորդը հարձակվել է մեր հայրենիքի վրա: Նա ոչ մի բանի չսպասեց, ասում էր զինվորներն ինձ են սպասում, պիտի գնամ քաջալերեմ նրանց, կռվեմ հետները եւ 5 տղաներով մեկնեցինք Մարտակերտ: Այնուհետեւ զինամթերք ստացանք ու մեկնեցինք Թալիշ: Քանի որ Սարգիսը փորձառու էր, մարտի դաշտում մեր զինվորներին ուղղություն էր ցույց տալիս, նրանք էլ մի մարդու նման լսում էին նրան, կողք-կողքի կռվում հետը: Ապրիլի 4-ին, կռվի թեժ պահին հակառակորդի արկը ընկավ մեր կամավոր տղաներից՝ Սարգիսի եւ Նորիկի կողքին, երկուսն էլ զոհվեցին: Ես անձամբ եմ մինչեւ վերջ մարտնչելով՝ կարողացել դուրս հանել Սարգիսի մարմինը»,-ասաց նա: