Չնայած վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է՝ Մարտունու դիրքերում հերթապահող զինծառայողները եւ կամավորները զգոն են, օրը 24 ժամ պատրատ են հետ մղելու հակառակորդին:

«Գիշերները հանգիստ է, բայց մենք միշտ մարտական դիրքերում ենք, միշտ պատրաստ, դրանց վստահել չի կարելի: Որ սաղ ադրբեջանցիներն էլ մեր պոստերի վրա հարձակվեն, մենք տեր ենք, տեր ենք մեր հողերին»,-Արցախում NEWS.am-ի հատուկ թղթակցի հետ զրույցում ասել է կամավոր Պավել Ավագյանը:

ԼՂՀ ՊԲ զինծառայող Արմեն Մելքումյանն էլ նշել է՝ վերջին երկու օրերին հակառակորդը ժամանակ առ ժամանակ խախտում է ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, սակայն համարժեք պատասխան է ստանում:

«Մեր ուղղությամբ մենակ հեռվից են գործողություն իրականացրել հրետանու միջոցով, բայց նրանց հրետանու կրակի դիմաց մենք նույն զինատեսակից կրակ ենք բացել, ճնշել ենք իրենց կրակակետերը, կարողացել ենք կանխել հերտանու ռմբակոծությունը Մարտունի քաղաքի վրա: Մենք անընդհատ սպասում ենք, ցանկացած ժամի պատրաստ ենք ցանկացած առաջխաղացում շատ կարճ ժամանակահատվածում կանխել: Երբ ուզեն գան, մենք կարող ենք դիմավորել շատ վատ ձեւերով, նույն ճամփով հետ ուղարկենք»,-ասել է զինծառայողը: 

ԼՂՀ ՊԲ զինծառայող Գոռ Կիրակոսյանն էլ վստահեցրել է՝ զգոնության խնդիր, իսկապես, չունեն, հակառակորդի խախտումները կանխվում են, դիվերսիոն ներթափանցումներ այս ուղղությամբ չեն լինում, որովհետեւ միշտ հսկում են:

«Եթե անգամ ուզեն դիվերսիոն ներթափանցում կատարել, չեն կարող, չեն հասցնի, մենք էստեղ հենց դրա համար ենք կանգնած»,-ասել է շարքային Կիրակոսյանը:

ԼՂՀ ՊԲ զինծառայող Էդգար Գեւորգյանն էլ հավելել է, քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում վախ չեն ունեցել, անձնակազմը միշտ համախմբված է եղել եւ միմյանց «մեջքին կանգնած», հակառակորդը հետ է շպրտվել՝ ստանալով համարժեք պատասխան:

«Հիմա էլ պատրաստ կանգնած ենք, մինչեւ վերջ կռվելու ենք: Արյան գնով էլ կպահեմ էս հողը»,-ասել է Էդգար Գեւորգյանը: