Deutsche Welle-ին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը եւ Ռուսաստանի դերը դրանում: Նա բացատրել է, թե Երեւանն ինչու չի ճանաչում Ստեփանակերտի անկախությունը:  

Բանակցությունների գլխավոր թեման, որն այս շաբաթ Բեռլինում վարել է Հայաստանի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումն էր: Հարցազրույցում Սերժ Սարգսյանը ներկայացրել է այս հին հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ իր հայացքները, պատմել է եռօրյա պատերազմից հետո հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման գործում Ռուսաստանի դերի մասին,  ինչպես նաեւ հույս է հայտնել, որ շուտով Գերմանիան էլ որպես ցեղասպանություն կճանաչի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները: 

Պարոն նախագահ, ես ձեզ չեմ հարցնի Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման պատճառների մասին, որովհետեւ կանխատեսում եմ ձեր պատասխանը: Ինձ հետաքրքրում է, թե դուք ինչ եք արել հերթական արյունահեղությունը կանխելու համար:  

Մենք արել ենք ամեն հնարավորը: Մոտավորապես երեք տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած երեք սկզբունքից երկուսից եւ այժմ պնդում է, որ խնդիրը լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:  Երկրորդ, հակահայկական դեմարշներից եւ Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքից բացի, Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն եւ իրոք պատերազմական հռետորաբանություն է զարգացնում…   

Ներեցեք, որ ընդհատում եմ ձեզ, բայց կուզեի իմանալ, թե հայկական կողմը, անձամբ դուք ինչ եք արել իրավիճակը լիցքաթափելու համար

Ես հենց դա եմ ասում: Մենք համապատասխան մարմիններին եւ կառույցներին տեղեկացրել ենք, թե իրավիճակն ինչ ուղղություն է ձեռք բերում եւ իրադարձությունների զարգացումն ինչի կարող է հանգեցնել:  Մենք առաջարկել ենք շփման գծում միջադեպերի պատճառները պարզելու մեխանիզմ ստեղծել, որպեսզի հստակորեն պարզ լինի, թե ով է հակամարտությունը սնող գործողությունների նախաձեռնողը: 

Պատերազմը, ինչպես դա հաճախ է լինում, անսպասելի սկսվեց, բայց նույնքան էլ անսպասելիորեն` արդեն երեք օրից մարտական գործողությունները դադարեցին, հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց: Ո՞վ օգնեց նման պայմանավորվածության հասնել:  

Մենք չենք կարծում, թե մարտական գործողությունները լիովին անսպասելիորեն են սկսվել: Մենք սպասում էինք դրան: Տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար: Բայց կրակի դադարեցումն էլ պատահական չէր:  Ադրբեջանցիները մեծ կորուստներ կրեցին: Բացի այդ, Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը զանգահարեց հայկական Գլխավոր շտաբի պետին եւ հաղորդեց, որ ադրբեջանցիները համաձայն են Մոսկվայում հանդիպել հայկական կողմի ներկայացուցիչների հետ: Իհարկե առկա էր նաեւ համաշխարհային հանրության աջակցությունը: Համապատասխան հայտարարություններով հանդես էին գալիս շատ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ: 

Փորձագետները վաղուց մատնանշում էին տարածաշրջանում լարվածության մեծացման բարձր ռիսկը, որտեղ հակամարտող կողմերի զինված խմբավորումները կանգնած են, այսպես ասած, դեմ-դիմաց: Ինչո՞ւ չեք ուզում, որ խաղաղարարները, օրինակ` ռուսական, տարանջատեն նրանց

Մենք երբեք դրա դեմ հանդես չենք եկել, բայց կարծում ենք, որ այս հակամարտությունը պիտի ամբողջությամբ եւ վերջնականապես հանգուցալուծվի: Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել համապատասխան փաստաթուղթ ստորագրելու, որը կնախատեսեր այս հակամարտության համընդգրկուն լուծում, այդ թվում նաեւ` երկու կողմի միջեւ խաղաղարարների ներկայություն: Բայց ադրբեջանցիները դա չէին ցանկանում:   

Դուք ասացիք, որ Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման գործում: Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի դիրքորոշումը այս հակամարտության մեջ: Դուք ինքներդ ասում եք, որ Ռուսաստանը ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը, միաժամանակ ժամանակակից զենք է մատակարարում Ադրբեջանին…   

Ես երբեք չեմ ասել, թե Ռուսաստանը մեր հովանավորն է, թե ընդհանրապես որեւէ երկիր կարող է մեր հովանավորը լինել: Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար նման դեր չի խաղացել, ինչպիսին Թուրքիան` Ադրբեջանի համար: 

Բայց դուք Ռուսաստանը ռազմավարական դաշնակից եք կոչում

Այո, այդպես է: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական պայմանագիր ունենք: Միաժամանակ մենք նաեւ միշտ բացահայտորեն ասում ենք, որ հանդես ենք գալիս Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու դեմ: 

Դաշնային կանցլերի գերատեսչությունում մամուլի ասուլիսին դուք հայտնեցիք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ուզում է ինքը տնօրինել իր ճակատագիրը, որոշել իր ապագան, ապրել իրավական պետությունում: Դուք նման ցանկությունն օրինական եք համարում, այնուամենայնիվ չեք ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչո՞ւ

Որովհետեւ մեր կողմից դա փոխզիջում է: Եթե Հայաստանն այսօր ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, թե հրաժարվում ենք բանակցությունների միջոցով այդ հակամարտության կարգավորումից: Եթե մենք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, էլ ինչի՞ վերաբերյալ պիտի բանակցություններ վարենք:  Իմիջիայլոց, դա մեր պատասխանն է նախորդ հարցին այն մասին, թե ինչ ենք անում հակամարտության սրացումը կանխելու համար: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որպեսզի լրացուցիչ կերպով չբարդացնենք իրավիճակը: 

Մինսկի խմբի շրջանակում այս հակամարտության կարգավորման բանակցություններն արդեն երկու տասնյակ տարի է` շարունակվում ենԴուք դեռ հույսեր կապո՞ւմ եք այս ձեւաչափի հետ, թե կարծում եք, որ նոր մոտեցում է անհրաժեշտՁեր տեսանկյունից, ի՞նչ դեր կարող էր խաղալ Գերմանիան, Եվրոպական Միությունը

Կարծում եմ, որ Մինսկի խումբն օպտիմալ ձեւաչափ է եւ չի կարելի ասել, թե այս տարիների ընթացքում ոչ մի արդյունք ձեռք չի բերվել: Այս ձեւաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, մանավանդ որ Մինսկի խմբում ներկայացված են այնպիսի երկրներ, նախ եւ առաջ` երեք համանախագահողները`  (Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն), որոնք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա ազդելու բավարար միջոցներ եւ հնարավորություններ ունեն:   

Ինչ վերաբերում է Գերմանիային, ներկայումս նա է նախագահում ԵԱՀԿ-ում: Այս կազմակերպությունը գործիքների մեծ հավաքածու ունի եւ համոզված եմ, որ կկարողանա օգտագործել դրանք, եւ շատ արդյունավետորեն: Բացի այդ, Գերմանիան նաեւ Մինսկի խմբի անդամ է: 

Հայաստանը մասնակցում էր ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրին, որը նախատեսում էր Եվրամիության հետ ասոցացման հեռանկար: Բայց դուք որոշում կայացրիք ոչ թե հօգուտ նման ասոցացման, այլ Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու: Ի՞նչը դրա համար վճռորոշ փաստարկ հանդիսացավ:   Ռուսաստանի ճնշո՞ւմը: Զուտ տնտեսական հաշվա՞րկը: Ուկրաինայի դեպքե՞րը

Սկզբի համար մի դիտարկում անեմ: Մենք ոչ թե մասնակցում էինք  «Արեւելյան գործընկերության» ծրագրին, այլ այժմ էլ դրա անդամ ենք: Անցյալ տարվա դեկտեմբերին նոր բանակցային գործընթաց սկսվեց, դրա առաջին փուլերն արդեն անցել ենք: Ի վերջո մենք փաստաթուղթ կստորագրենք ԵՄ-ի հետ: Ռուսաստանի կողմից երբեք որեւէ ճնշում չի եղել: Մենք առաջնորդվել ենք տնտեսական նպատակահարմարությամբ:  Ռուսաստանը մեր գլխավոր շուկան եւ մեր խոշորագույն առեւտրական գործընկերը: Մենք Ռուսաստանից ենք ստանում բոլոր էներգակիրները եւ այլ պաշարներ:  Ռուսաստանը ԵԱՏՄ-ի շրջանակում մեզ շատ շահավետ պայմաններ է առաջարկել`  իր ապրանքների համար 30 տոկոս զեղչ առաջարկելով: Իմ սկզբունքն է` այնպիսի որոշումներ ընդունել, որոնք կարող են իրականացվել: 

Գերմանիան մինչեւ այժմ որպես ցեղասպանություն չի ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունը: Այս տարվա փետրվարին բունդեսթագը Թուրքիային նկատի առնելով` հետաձգեց որոշման ընդունումը: Դուք ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի նման դիրքորոշումը

Սկսեմ նրանից, որ Գերմանիայի դաշնային նախագահը անցյալ տարվա ապրիլին բեռլինյան տաճարում իր ելույթը սկսեց շատ ճիշտ բառերով: Մենք նրան երախտապարտ ենք դրա համար: Բացի այդ, հույս ունեմ, եւ Բեռլինում բանակցություններին խոսքն այդ մասին էր, որ դեռեւս մինչեւ խորհրդարանական ամառային արձակուրդը բունդեսթագը կընդունի համապատասխան որոշում, ընդ որում` բոլոր խմբակցությունների մասնակցությամբ: