Համացանցային օգտատերերը ուշադրություն են դարձրել, թե Google-ն ինչ արդյունքներ է տրամադրում professional hair (մասնագիտական սանրվածք) եւ unprofessional hair (ոչ մասնագիտական, սիրողական սանրվածք) հարցումներին: Պարզվել է, որ առաջին հարցման դեպքում որոնողական համակարգն առավելապես սպիտակամորթ կանանց է ներկայացնում, իսկ երկրորդի դեպքում` առավելապես սեւամորթների, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Այնուամենայնիվ, Google-ի ալգորիթմները հազվադեպ են ինքնուրույն կերպով վերլուծում պատկերները: Այս կամ այն հարցումով նկարներ որոնելիս այն նախ եւ առաջ առաջնորդվում է նկարագրությամբ, որը ստեղծում են իրենք` օգտատերերը: Երեւում է, գրում է The Guardian-ը, unprofessional hair (ոչ պրոֆեսիոնալ սանրվածք) հարցման պարագայում որոնողական համակարգը պատկերներ է վերցրել բլոգներից եւ հոդվածներից, որոնցում քննարկվել է այն հարցը, թե որքանով «ոչ մասնագիտական» կարելի է համարել ավանդական սանրվածքները, օրինակ` գանգուրները, հյուսերը եւ դրեդները: Եվ որպես պատկերազարդում, ամենից հաճախ օգտագործվել են սեւամորթ կանանց լուսանկարներ, որովհետեւ նման սանրվածքները նրանց ավելի բնորոշ են:




























