Առաջիկայում գողական մեծ սխոդկա է կայանալու, որի ընթացքում քրեական հեղինակությունները մտադիր են քննարկել «Դեդ Հասան» մականունով հայտնի Ասլան Ուսոյանի վրա կատարված մահափորձը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օրենքով գողի վրա մահափորձը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին, Մոսկվայի Տվերսկոյ փողոցում, երբ նա իր թիկնապահ Արթուր Բաղրամյանի հետ տան շքամուտք էր մտնում:

Ուսոյանը վնասվածք էր ստացել, սակայն կենդանի էր մնացել:

Ինչպես գրում է GZT.RU-ն, ենթադրվում է, որ մեծ հավաքին մասնակցելու են, այսպես կոչված, թբիլիսյան կլանի ներկայացուցիչները, որը ղեկավարում է Ուսոյանը: Հրավիրելու են նաեւ սլավոնական ծագմամբ օրենքով գողերի:

Որպես մահափորձի հավանական կազմակերպիչ, կարող է նշվել Մերաբ Ջանգվելաձեի անունը: Նա քութայիսցիների կլանի անդամ է, որը ղեկավարում է վերջերս դատապարտված Տարիել Օնիանին: Վարկածներից մեկով, թե' «Յապոնչիկի», թե' Հասանի վրա կատարված մահափորձերը Մերաբի ձեռքի գործն են:

Տեղեկություններ կան, որ օերնքով գող Անդրո Թոփուրիայի մահը գաղութում ուղիղ կապ ունի Հասանի վրա կատարված մահափորձի հետ: Թոփուրիան համարվում էր Հասանի հին մտերիմներից մեկը:

Վերջին երկու տարում անհայտ անձինք սպանել են «Դեդ Հասանի» 4 մտերիմների: 2008թ. Կրասնոդարում սպանվեց Միխայիլ Մանուկյանը, մեկ ամիս անց Արտյոմ Ներսիսյանը, ով Կրասնոդարի անրշարժ գույքի շուկայի «նայողն» էր: Սպանվել են նաեւ «Ալիկ Սոչինսկի» մականունով հայտնի Ալիկ Մինոլյանը, եւ Թիմուր Սադոյանը: