Իրանական ատոմային ծրագրի ամենավիճահարույց հարցը՝ ուրանի հարստացումը, կարող է վերացվել այն պայմանով, եթե ազդեցիկ գերտերությունները Իրանին պատրաստի ատոմային վառելիք մատակարարեն Թեհրանի ատոմային ռեակտորում օգտագործելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսին, հաղորդում է Associated Press-ը: Իրանի նախագահի խոսքով, Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները միջնորդների «վեցնյակի» հետ: Նրա կարծիքով, դրա համար լավագույն ժամանակը 2010թ. հոկտեմբերն է:
Ըստ Ահմադինեջադի, Իրանը երբեք նպատակ չի դրել հարստացնել ուրանը, բայց առաքումների հարցում մերժում ստանալուց հետո Թեհրանը ստիպված է եղել սկսել հարստացումը: «ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները քաղաքականացրել են այդ հարցը: Մենք ստիպված էինք սկսել հարստացումը՝ որ աջակցենք հիվանդներին»,- հայտարարել է Ահմադինեջադը:
Նա հայտարարել է, թե Իրանի նկատմամբ ճնշումը բացարձակապես անարդյունք է, իսկ բանակցությունները կարող են որոշակի դրական արդյունքներ տալ:
Նշենք, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Իրանին կասկածում են ատոմային զենքի ստեղծման մեջ: Իրանական ղեկավարությունը պնդում է, որ ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:





























