Ղարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը: Այդ մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է  Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Հարցին, թե իր կանխատեսմամբ՝ որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, եւ արդյոք Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունը կարող է տեւական լինել, Հակոբյանը արձագանքել է․ «Մենք պիտի փաստենք, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ո՛չ հայկական կողմը: Եվ այս անգամ եւս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը եւս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադար»:

«Ինչքան կտեւի այս իրավիճակը՝ կանխատեսել մի քիչ ավելի դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը եւ հայկական Զինված ուժերը այսուհետ եւս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ՝ հակառակորդը այս գործողություններից հետեւություն կկատարի եւ եթե եւս մեկ անգամ փորձի նման ձեւով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պատասխանը կլինի ավելի կոշտ եւ ավելի խիստ», - շեշտել է Հակոբյանը:

«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը բավականին երկար է, եւ կոնկրետ որ ժամին որտեղ է լինելու՝ իհարկե, դա կռահելը մի քիչ ավելի դժվար է: Բայց այն, որ մենք կանխատեսել էինք եւ գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր Զինված ուժերը ունեցել են եւ համապատասխան միջոցառումներ իրականացրել են»,-ասել է նա՝ հավելելով. «Իրենց մտադրությունը մինչեւ Ստեփանակերտ հասնելը երազանքի ոլորտից է, որովհետեւ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ կռվելու է այնտեղ, որտեղ ամեն մի կտոր հողի համար կա զինվոր եւ մարտնչելով  հակառակորդին այդ հնարավորությունը երբեք չի ընձեռելու: Հակառակորդը գործել է գաղտնի, գիշերով` դիվերսիոն երկու հատուկ նշանակության բրիգադի ուժերով եւ փորձել գործել չորս ուղղություններով, սակայն Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները մարտի են բռնվել եւ կանգնեցրել հակառակորդի առաջխաղացումը: Մեր պաշտպանությունը բազմաշերտ է եւ հակառակորդն այս գործողությունների ընթացքում դա հասկացավ»:

Մովսես Հակոբյանի խոսքով, հայկական բանակն ուժեղ եւ պատրաստված է եւ դա ապացուցվեց շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի ունեցած հաջողություններով:

«Մեր երիտասարդները, բանակն ապացուցեցին, որ իրենք այն տղաների զավակներն են, որոնք 94թ. հաղթանակ են կերտել եւ փոխանցել իրենց: Իրենց գործողություններով ապացուցեցին, որ առավել են 92-94թ. ավագ սերնդից»,-ասել է նա՝ հավելելով, որ մեր ժամկետային զինծառայողները եւ մասամբ պայմանագրային զինծառայողները դիմագրավել են հակառակորդի հատուկ պատրաստված բրիգադաներին: «Տեսել եք մեր զինվորների սխրագործությունները, մեր հրամանատարների կայացրած որոշումները, որոնք միայն հպարտանալու առիթ են տալիս: Կարծում եմ, որ հակառակորդն այս ամեն ինչից հետեւություններ արեց եւ եթե նման ձեւով կրկին փորձի հարձակվել Արցախի վրա, ավելի խիստ պատասխան կստանա»,-ասել է նա:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ահռելի քանակությամբ՝ ավելի քան 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ էլ Հակոբյանը հայտարարել է․ «Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարը այդ զենքի վաճառքի գնահատականը տվել է, կարծում եմ՝ ավելորդ մեկնաբանության կարիք չկա: Կիսում եմ նախագահի մտահոգությունը»:

«Ադրբեջանում կասկածներ կան, որ Դուք ծանր վիրավորված եք, ոմանք էլ պնդում են, թե Դուք սպանվել եք: Այսպիսի լուրեր են տարածում ադրբեջանական այդ լրատվամիջոցները YouTube-ով եւ այլ սոցցանցերով: Արդյոք վիրավորվե՞լ եք Դուք ռազմաճակատում, որեւէ բան Ձեզ պատահե՞լ է», - այս հարցին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանը հայտարարեց․ «Ինչպես տեսնում եք, ես ողջ-առողջ եմ եւ Ձեզ հետ զրուցում եմ: Պիտի ասեմ, որ ինձ սպանելը կամ վիրավորելը բավականին դժվար է, որովհետեւ ես բավականին երկար ժամանակ զինվորական ծառայություն եմ անցնում եւ ամբողջ ծառայությունս եղել է պատերազմի գոտում, գիտեմ պատերազմը ինչ է եւ դրանից պատսպարվելը գիտեմ»: