Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին հանդիպել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Արեւելյան Եվրոպայի օպերատիվ գործողությունների ղեկավար տիկին Պասկալ Մեժ Վագների եւ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Նադյա Կեբիր Ռաոլոսոնի հետ:
Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիներին եւ քաղաքացիական ներկալվածներին (պատանդներին) վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են ադրբեջանական կողմում գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու խնդրին եւ մասնավորապես, վերջերս ադրբեջանցիների կողմից ձերբակալված ու ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով «դիվերսանտ» հորջորջվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի հայրենադարձման հարցին:



























