ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտափոխվելու է եւ միանալու է համազգային համախմբմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե չի պատրաստվում նախաձեռնել հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Գրեթե վստահ եմ, որ երկրորդ նախագահը մտափոխվելու է եւ ինքն էլ միանալու է համազգային միավորմանն ու համախմբմանը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հարցին, թե պլանավորում է հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպիսին ապրիլի 9-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի միջեւ, պատասխանել է. «Այդպիսի հանդիպում  նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո եւ հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարեւոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ  ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական եւ մարտավարական  պատրաստվածությունը նոր պայմաններին»։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի եւ նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա: «Ուրախալի է, որ հայ հասարակությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել ագրեսիային հակադարձելու համար։ Նաեւ ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը եւ արդյունավետ գործող պետական ինստիտուտները»,-նշել է Քոչարյանը։