Տուլայում 2015թ. նոյեմբերի 3-ին հայկական ավտոբուսի վթարի պատճառը, փորձաքննության եզրակացության համաձայն, եղել է արագությունը գերազանցելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով մեղադրյալ Գառնիկ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը՝ նշելով, որ իրենք համաձայն չեն այս եզրակացության հետ:

«Փորձաքննություն էր նշանակվել՝ պարզելու համար մեքենայի տեխնիկական վիճակը համապատասխանում է նորմերին, թե ոչ: Ստացվել է եզրակացություն, որ չի համապատասխանել նորմերին, սակայն վթարը եղել է արագ վարելու հետեւանքով: Մենք համաձայն չենք, քանի որ կարծում ենք՝ փորձագետը սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել եւ նրա տված եզրակացությունը չի համապատասխանում փաստերին»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը՝ նշելով, որ արդեն իսկ անկախ փորձաքննություն է նշանակվել:

Փաստաբանը պնդեց, որ վթարված ավտոբուսն արտադրական խոտան է ունեցել, ավելին, մեքենան նման արագությամբ կարող էր վթարի ենթարկվել, եթե արտադրման պահին թերություններ է ունեցել. «1-2 ամիս առաջ արտադրված մեքենայի դետալներն այնքան ժանգոտ էին, կարծես շատ հին մեքենա լիներ: Այդ պատճառով մենք անկախ փորձաքննություն ենք իրականացնում, որից հետո արդեն հստակ մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Նշենք, որ փորձաքննության եզրակացությունը կստացվի միայն մայիսի վերջերին, որից հետո էլ գործն ամենայն հավանականությամբ կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։

Ավտոբուսը պատկանում էր «Քինգ Դելյուքս»-ին: Ի սկզբանե վարկածներ էին շրջանառվում, որ վարորդը կամ արագությունն է գերազանցել, կամ բջջային հեռախոսով է խոսել: