Ադրբեջանն ագրեսոր է, որը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղն իրեն է պատկանում եւ իր առջեւ խնդիր է դրել վերադարձնել «կորցրած» տարածքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գեներալ-լեյտենանտ, խորհրային զորահրամանատար, հայ քաղաքական եւ ռազմական գործիչ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նրա խոսքով, Ադրբեջանը մարդկային լեզվով չի հասկանում, որ Ղարաբաղն իր հողը չէ: «Սա իսկապես հայկական տարածք է: Ղարաբաղը 70 տարի՝ Խորհրդային Միության գոյության ընթացքում, բռնազավթված է եղել Ադրբեջանի կողմից: 1921 թվականի հուլիսի 5-ին Բոլշեւիկների Անդրկովկասյան բյուրոն այդ տարածքը խլեց Խորհրդային Հայաստանից եւ փոխանցեց Ադրբեջանին: Բայց չէ՞ որ այդ հողը մերն է»,- ընդգծեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նրա խոսքով, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, Ղարաբաղը հանրաքվեի միջոցով դուրս եկավ Խորհրդային Ադրբեջանի կազմից, ինչպես ներկայում Ղրիմը դուրս եկավ Ուկրաինայի կազմից:
«Բայց Ռուսաստանը ճանաչեց Ղրիմը, իսկ Ղարաբաղը ոչ ոք չի ճանաչում: Քանի որ Հայաստանն ինքն էլ չի ճանաչում: Վախենում են, որ բանակցությունները կդադարեն: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, երբ այդ երկիրը, միջազգային սկզբունքների համաձայն, հանրաքվե է անցկացրել եւ դուրս եկել բռնազավթող, ցեղասպան եւ այլատյաց պետության կազմից»,- եզրափակեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:





























