ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Ինչպես հայտնում է Սպիտակ տան ղեկավարի մամուլի ծառայությունը՝ նախագահ Օբաման բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Աֆղանստանում խաղաղարար առաքելության հարցում:
Նա կրկին պնդել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ բանակցային գործընթացին եւ ընդգծել է շփման գծում կրակի դադարեցման անհրաժեշտությունը: Նա կարեւորել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը՝ Հելսինկյան ակտի հիման վրա՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն եւ էներգետիկայի բնագավառում ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ում, սեպտեմբերի 23-ին հնչած իր ելույթի համատեքստում հույս է հայտնել, որ Ադրբեջանը, որպես երիտասարդ դեմոկրատական երկիր, կանցկացնի ժողովրդավարական բարեփոխումներ եւ կուժեղացնի մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում եւ ազատ կարձակի 2 ձերբակալված բլոգերներին: Օբաման ընդգծել է, որ ուժեղ ինստիտուտները նպաստում են տնտեսության աճի խթանմանն ու կայունության հաստատմանն Ադրբեջանում, եւ երկու առաջնորդները ցանկություն են հայտնել էլ ավելի սերտացնել երկու երկրների միջեւ հարաբերությունները:





























