Panasonic ընկերությունը հրաժարվել է նորոգել երաշխիքային ժամկետում գտնվող բրիտանացու հեռուստացույցը՝ պատճառաբանելով, որ տղամարդը չափազանց շատ է ծխել սարքի մոտ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

2012 թվականին Թոմաս Դեֆթին եւ նրա ընկերուհին՝ Դենիս Հեդը, հեռուստացույց են գնել, որը երաշխիքով սպասարկվում է 5 տարի: Որոշ ժամանակ անց 53-ամյա Դեֆթին զանգահարել է սպասարկող ծառայություն, որի աշխատակիցները տեղեկացրել են, որ խնդիրն առաջացել է ծխախոտի ծխի հետեւանքով, ինչը ներառված չէ պայմանագրում:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հեռուստացույցի պատյանը բացելուց հետո պարզվել է, որ անսարքության պատճառը ծխախոտի ծուխն է: Էկրանի նորոգման կամ դրա փոխարինման համար բրիտանացիները ստիպված կլինեն 800 ֆունտ ծախսել: