Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում խոսող ռոբոտ հումանոիդ Pepper–ին պաշտոնապես ընդունել են միջնակարգ դպրոց: Աշխարհում առաջին անգամ ռոբոտը սովորելու է երեխաների հետ միասին նույն դասարանում:
Այս կապակցությամբ դպրոցում աշակերտներին կոչ են արել առավելագույնս օգտագործել ռոբոտի հետ հաղորդակցվելու հազվագյուտ հնարավորությունը, քանի որ դա նրանց պետք է գալու ապագայում: Pepper-ն ինքը հայտնել է, որ «երբեք չէր կարծում, թե իրեն կընդունեն մարդկանց դպրոց» ու խոստացել է լավ սովորել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռոբոտը կարողանում է խոսել ոչ միայն ճապոներեն, այլեւ անգլերեն: Pepper ռոբոտը մշակել է ճապոնական բջջային կապի Softbank Corp ընկերությունը: Նման սարքերը նախատեսված են հիմնականում բանկերում ու խանութներում հաճախորդներին սպասարկելու համար: Անցած տարվա հունիսին Peppe ռոբոտների առաջին խմբաքանակը՝ հատը 214 հազար իեն ( 1.9 հազար դոլար) արժեքով մեկ րոպեում սպառվել էր:
Մշակողները հավաստիացնում են, որ ռոբոտն ունի մեծ քանակության խցիկներ ու հաղորդիչներ, որոնց շնորհիվ կարողանում է ճանաչել մարդկային զգացմունքների գրեթե ամբողջ սպեկտրը: Ըստ իրավիճակի՝ ռոբոտը կարող է ծիծաղել կամ նույնիսկ մխիթարել իր տիրոջը: Նա նաեւ ինքնակրթությամբ զբաղվելու ունակություն ունի:
Ճապոնիայի կառավարությունը խրախուսում է ռոբոտների արտադրությունն ու ներդրումը՝ հույս ունենալով, որ երկիրն այս ոլորտում առաջատար դիրքեր կունենա աշխարհում: Մասնավորապես պետական բյուջեից սուբսիդավորվում են այն ֆիրմաները, որոնք կիբերնետիկ աշխատողներ են ներդնում իրենց գործի մեջ:





























