Facebook-ի ղեկավարությունը մտադիր է ավելի հարմարավետ դարձնել սոցիալական ցանցում տարբեր նյութերը պահպանելու եւ ավելի ուշ կարդալու գործառույթը։ Այս մասին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Դեբորա Լյուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սան Ֆրանցիսկոյում F8 կոնֆերանսի ժամանակ ցուցադրությունից պարզ է դարձել, որ Save to Facebook անունը ստացած ծառայությունը թույլ է տալիս համացանցում հոդվածներ, տեսանյութեր կարդալիս դրանք պահպանել հենց  Facebook-ի արխիվում հետագայում դրանց նորից անդրադառնալու համար։

2014-ին Facebook-ն արդեն ներկայացրել էր նման գործառույթ, սակայն օգտատերերի  համար դրանից օգտվելն այնքան էլ հարմար չէ, քանի որ պետք է մտնել լրացուցիչ մենյու, ինչը երկար է տեւում։ Այդուհանդերձ, ամսական այդ գործառույթից օգտվում է 250 մլն մարդ։

The Verge-ի փոխանցմամբ՝ նոր գործառույթն, ըստ երեւույթին, նախատեսված է Pocket կամ Instapaper հավելվածներին փոխարինելու համար։