Եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա բոլորովին էլ չի նշանակի, թե ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան եւ այլ գերտերություններ ճանաչում են ԼՂՀ-ն, այսինքն Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը շատ քիչ բան կփոխի այդ իրավիճակում: Այդ մասին սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը, բացի Լեռնային Ղարաբաղից, չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:
Ըստ Իսկանդարյանի՝ Հայաստանն ընդհանրապես չի կարող պատկերացնել Ղարաբաղի ճանաչման պահանջները, քանի դեռ գոյություն ունի բանակցային գործընթացը: Եւ հայկական դիվանագիտությունը, կարծես, համաձայնվել է այն թեզի հետ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերջակետ է լինելու գործըթնացում:
Քաղաքագետւ կարծիքով, գործընթացի շարունակման համար անհրաժեշտ է պահպանել արդեն գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, քանի որ տարբեր երկրների ներգրավվածությունը դրական է ազդում բանակցությունների կղմերի վրա: Սակայն, միաժամանակ, չի կարելի կարգավորում պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբից, քանի դեռ դա չեն ուզում կողմերը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, Իսկանդարյանը հայտարարել է. պատճառն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ դա կնշանակի փչացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ:
Նույնը վերաբերում է Աբխազիային եւ Հարավային Օսիային, Հայաստանը հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ եւ ճանաչումը կնշանակի խնդիրներ հարուցել նրանց հետ:





























