Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դեռ չի ավարտել ներքին քննությունը մամուլում տեղ գտած այն լուրերի մասին, թե երեք հոգեւորական 1990-ական թվականներին մանկապղծություն են կատարել

NEWS.am-ի թղթակցին պատրիարքարանի մամլո դիվանից հայտնեցին, որ քննությունը ձգձգվում է, քանի որ նոր նյութեր են հայտնաբերվում:

«Այս պահին հանձնախումբը շարունակում է քննությունը: Պարբերաբար նոր նյութեր են հայտնաբերվում: Օրինակ, մեկ ամիս առաջ Հրայր Եզեկելյանը դիմել էր դատարան՝ հայտնելով, որ պատրիարքարանն իրեն թույլ չի տալիս մտնել վանք: Մենք էլ դատարանում հայտարարեցինք, որ նման արգելք չկա եւ Հրայր Եզեկելյանը կարող ա հանգիստ մտնել վանքի տարածք»,- ասացին մամլո դիվանից:

Նշենք, որ դեռեւս փետրվարի վերջին ֆրանսիական եւ իսրայելական մամուլը հրապարակել էր, որ 1990-ական թվականներին Երուսաղեմի հայկական վանքի բարձրաստիճան հոգեւորականները բռնաբարել են մանկահասակ Հրայր Եզեկելյանին: Վերջինը 2013թ.-ին բողոք է ներկայացրել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որն այդ ժամանակ արդեն բնակվում էր Ֆրանսիայում:

015թ. արքեպիսկոպոսի դեմ ներկայացվել է մեղադրանք եւ հարուցվել քրեական գործ, որը 2016-ին ուղարկվել է դատարան: Առաջիկայում սպասվում էր դատավարություն, սակայն օրեր առաջ արքեպիսկոպոսը մահացել է:

Հրապարակումների մասին հայկական կողմը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Մայր Աթոռի մամլո դիվանն էլ հայտնում է, որ իրենք նույնպես դիմել են Երուսաղեմի թեկին՝ պարզաբանում ստանալու համար: Պատասխանը ստանալուց հետո Մայր Աթոռը հանդես կգա հայտարարությամբ: