Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կոչ է արել թուրքական կառավարությանը համաձայնել անձամբ հանդիպել եւ քննարկել կիպրական խնդրի լուծման հարցը: «Ես կրկնում եմ իմ՝ հանդիպելու մասին կոչը, որպեսզի կարողանամ կիսվել կիպրական խնդրի հետ կապված իմ պատկերացումներով, որոնք նպաստ կբերեն կիպրացիներին, Թուրքիային, Հունաստանին, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- հայտարարել է նա:

Խրիստոֆիասը ընդգծել է իր հաստատակամությունը՝ շարունակել գաղութների միջեւ խաղաղ բանակցությունները, որոնք սկսվել են երկու տարի առաջ, ՄԱԿ-ի հովանու ներքո: Նա նաեւ նշել է, որ պատրաստ է իր կողմից անել ամեն ինչ՝ Կիպրոսը «համայն հույն-կիպրոսցիների եւ թուրք-կիպրոսցիների տուն դարձնելու համար, առանց արտասահմանյան ռազմական ուժերի եւ տեղահանվածների, վայր, որտեղ լիովին հարգվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»:

Հիշեցնենք, որ Կիպրոսը երկու պետությունների է բաժանվել 1974 թվականին՝ Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման ժամանակ: Կղզու հարավային մասում այժմ միջազգային հանրության կողմից ճանաչված Կիպրոսի Հանրապետությունն է, որի բնակչության ճնշող մեծամասությունը հույներ են, իսկ կղզու հյուսիսային հատվածը Թուրքիան բռնազավթել է՝ այնտեղ հաստատելով իր դրածո իշխանությունը: