Ամերիկահայերը 1,5 տարի Հայաստանում ԱՄՆ դեսպան էին նշանակում, հիմա էլ պայքարում են, որպեսզի Բրայզան չդառնա ԱՄՆ դեսպանն Ադրբեջանում։ Բրայզայի նշանակման-չնշանակման հարցը ԱՄՆ ներքին քաղաքականության մի մասն է։ Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Սա ԱՄՆ հայերի լոբբինգի դրսեւորումն է։ Ամերիկահայերը սրանով ցույց են տալիս «մկանները»՝ հասկացնելով, որ կարող են ազդեցություն ունենալ դեսպանների նշանակման հարցում։ Եվ երկրորդ, բոլոր այս քննարկումների արդյունքում ամերիկյան մամուլում ի ցույց է դրվում ադրբեջանական հիստերիան, ինչը բոնուս է Ամերիկայի հայ լոբբիստների համար»,- նշեց քաղաքագետը։
Իսկանդարյանի կարծիքով, Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակել-չնշանակելու հարցը ԱՄՆ ներքին քաղաքականության մի մասն է։ Նրա խոսքով, այս ամբողջ աղմուկը ներքաղաքական իրադարձությունների շղթա է, որի կենտրոնում Սենատում նոյեմբերին կայանալիք Սենատի ընտրություններն են, որին կմասնակցի նաեւ Բրայզայի թեկնածությունն արգելափակած Բարբարա Բոքսերը։
«Նա դեմոկրատ է եւ կընտրվի Կալիֆորնիայից, ուր շատ են հայերը»,- նշեց Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ մոտակա երկու ամիսների ընթացքում Բրայզայի նշանակմանը չարժե սպասել, եւ որ Օբաման կշարունակի պնդել Բրայզայի թեկնածության վրա։




























