Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է երկրում արմատականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ: Այս մասին «ուղիղ միացման» ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Եգիպտոսի եւ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը: ՌԴ նախագահը նշել է, որ համապատասխան որոշումները կայացվել են ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներից ելնելով:
Պուտինի խոսքով՝ ներկայումս Կահիրեն Սինայի թերակղզում պայքարում է արմատականների դեմ: «Ինչ վերաբերում է Թուրքիային, այստեղ մենք տեսնում ենք նույն պատկերը: Իհարկե, մեր կարծիքով, Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է երկրում արմատականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ: Ես ավելի քան վստահ եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը ձգտելու է ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, քանի որ դա հսկայական եկամուտ է բերում երկրի բյուջե: Նրանք, իհարկե, կջանան, սակայն կկարողանան արդյոք, դա մեծ հարց է, այդ իսկ պատճառով մենք իրավունք չունենք մեր քաղաքացիներին չասել, որ Թուրքիայում եւ Եգիպտոսում հիմա հանգիստը վտանգավոր է»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Թուրքիայի հարավում փաստացի քաղաքացիական պատերազմ է ընթանում, եւ որքան էլ միջազգային հանրությունը աշխատի դա չտեսնելու տալ, փաստը մնում է փաստ:





























