Եվրասիական միության երկրների հակամենաշնորհային մարմիննեի համատեղ կարգավորումը օգնել է նվազեցնել ռոումինգի սակագները, այդ թվում Հայաստանում: Այս մասին ապրիլի 14-ին Երեւանում հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պետհանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԵՏՄ ու ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի նիստի ժամանակ:

ԵՏՄ ու Համագործակցության երկրների հակամենաշնորհային մարմինները հետազոտել են կարեւորագույն շուկաները՝ ավիացիոն ու երկաթգծային փոխադրումների, բենզինի, ալյուրի, հացահատիկի, դեղամիջոցների, նաեւ հեռահաղորդակցության շուկաները: «Մենք հետազոտություններ ենք անցկացրել ու սկսել ենք ներդնել արդարացի ռոումինգի համակարգը: Եվ մենք արդեն դրական արդյունքներ ունենք: Հայաստանում այս պահին մեկ օպերատոր՝ «Բիլայնը», արդեն ռոումինգի սակագները 65 տոկոսով նվազեցրել է: Իսկ երկու մյուս օպերատորները ՝ ՎիվաՍել ՄՏՍ-ն ու Ucom–ը, նվազեցնում են արտասահմանյան օպերատորների հետ տերմինացիայի սակագները: Մոտ ժամանակներս Հայաստանում հնարավոր է ակնկալել ռոումինգի վերջնական սակագների 50-60 տոկոսի չափով նվազեցում»,- նշել է Շաբոյանը: