Ադրբեջանը փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, ԼՂ հակամարտության հետեւանքները ներկայացնել որպես դրա պատճառներ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում:

Նա հիշեցրել է, որ հուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նրանք վերահաստատել են, որ առաջարկված սկզբունքները եւ դրույթները մշակվել են որպես մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկին մյուսների հանդեպ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը: «Հայաստանը լիովին համամիտ է այս տեսակետին` շարունակելու բանակցությունները դրա հիման վրա` փնտրելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում:

Ցավոք, Ադրբեջանը մերժում է նշված երեք սկզբունքներից երկուսը եւ ձգտում գլխիվայր շուռ տալ ոչ միայն բանակցային գործընթացի էությունը, այլ նաեւ խեղաթյուրել հակամարտության բնույթը տարբեր միջազգային հարթակներում, ներառյալ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ինչպես այստեղ նորից տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ, նաեւ երկու օր առաջ: Այդ երկիրը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` հակամարտության հետեւանքները ներկայացնելով որպես դրա պատճառներ»,- ասել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարի ներկայացմամբ, Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով, ինչպես նաեւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները մերժելու դիրքորոշմամբ` սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը եւ անվտանգությանը:

«Նավթային եկամուտներից ստացվող գումարները ուղղվում են ռազմական նոր ավանատյուրաների ֆինանսավորմանը: Մենք բոլորս էլ գիտենք նման արկածախնդրության հետեւանքները»,- ասել է նա:

Անդրադառնալով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին, Նալբանդյանն ասել է, որ դա համարվում է հիմնարար ու կարեւոր իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ:

Նա անդրադարձել է նաեւ Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգությանը, նշելով. «Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը համարվում է քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հայեցակարգը, այլ քաղաքակրթական արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության միտումնավոր, շարունակական վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվի նույն հաստատակամությամբ, ինչպես ժողովրդի դեմ բռնությունը:

Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջեւանում հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը այդ ոճրագործության ակներեւ արտահայտությունն է:

Միջնադարյան հազարավոր նմանատիպ հսկա քանդակներ են հողին հավասարեցվել Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, եւ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»: