Microsoft ընկերությունը ԱՄՆ իշխանությունների դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով հաճախորդներին տեղեկացնել այն դեպքերի մասին, երբ հատուկ ծառայություններն ուսումնասիրում են որեւէ մեկի էլեկտրոնային նամակագրությունը:
Reuters-ը հայտնում է, որ հայցը ներկայացրել են Microsoft կորպորացիայի իրավաբանները Վաշինգթոնի արեւմտյան օկրուգի դատարանին: Ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ ԱՄՆ կառավարությունը խախտում է երկրի սահմանադրությունը, երբ Microsoft –ին թույլ չի տալիս հաճախորդներին տեղեկացնել այն մասին,որ դաշնային գերատեսչությունը թույլատվություն է խնդրում որեւէ մեկի էլեկտրոնային փոստ մուտք գործելու համար:
Հիմա կասկածյալներին հետեւելու համար ԱՄՆ իշխանությունները օգտվում են 1986-ին ընդունված Էլեկտրոնային հաղորդակցությունների գաղտնիության մասին օրենքից, որը հատուկ ծառայություններին թույլ է տալիս կարդալ 180 օրվա վաղեմություն ունեցող էլեկտրոնային հաղորդագրությունները: Microsoft -ի հայցում ասվում է, որ այս օրենքը հնացած է ու չի համապատասխանում ժամանակակից իրողություններին:





























