Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց ԻԻՀ նախագահի գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով տեղակալությանը կից «Փարդիս» տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպում ունեցավ պարկի նախագահ Մեհդի Սաֆարինիայի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մեհդի Սաֆարինիան ներկայացրեց տեխնոլոգիական պարկի գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնեց ընդունել համապատասխան հայ մասնագետների` առկա հնարավորություններին տեղում ծանոթանալու եւ համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:
Դեսպան Թումանյանը ներկայացրեց իրանական կողմի հետ համագործակցության հնարավորությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային սարքերի արտադրության, ինժեներական ծառայությունների, դեղագործության, ռադիոիզոտոպերի արտադրության եւ մի շարք այլ ոլորտներում:
Քննարկվեցին նաեւ երկու երկրների մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:
Նշենք, որ «Փարդիս» տեխնոլոգիական պարկի տարածքում է գտնվում նաեւ հայ աստղաֆիզիկոս, խոշոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին:





























