Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախընտրական քարոզարշավն սկսել է հակառուսական պոռթկումով։ «Կրեմլն ընտրությունների վրա ոչ մի ազդեցություն էլ չի ունենա»,- ընտրողներին հավաստիացրել է Լուկաշենկոն։ «Իսկ եթե ունենա, ապա միայն դրական։ Չէ՞ որ այդ ամբողջ կեղտը ոչ թե նրանց, այլ մեր օգտին էր։ Տա Աստված, որ նրանք այսուհետ եւս իրենց այդպես անուղեղ պահեն»,- նախագահի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Նախընտրական քարոզարշավի մասին խոսելիս՝ նա չի մոռացել նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։ Հարցին, թե չի՞ ուզում, արդյոք, իր ռուս գործընկերոջ նման ինտերնետում միկրոբլոգ ունենալ, Բելառուսի նախագահը հայտարարել է. «Անհատական բլոգի մասին ես չեմ մտածում եւ չեմ պատրաստվում ունենալ այդպիսին, քանի որ դա ինձ պետք չէ։ Չեմ ուզում ցուցամոլությամբ զբաղվել»:
Ընդդիմությանը Լուկաշենկոն դավաճան է համարել, քանի որ նրա խոսքով, վերջիններս նախկինում գործում էին Արեւմուտքի, իսկ այժմ՝ Ռուսաստանի օգտին։ «Նրանք, ովքեր երեկ արեւմտյան ջութակ էին նվագում, այսօր բալալայկա են նվագում Մոսկվայում»:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախանշված են 2010 թվականի դեկտեմբերի 19-ին։ Հարցումների համաձայն՝ իրենց ձայնը Լուկաշենկոյին պատրաստ է տալ ընտրողների 39 տոկոսը, այն ժամանակ, երբ 51 տոկոսը ցանկանում է քվեարկել նոր քաղաքական գործչի օգտին։




























