Անհայտ անձինք սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Դաղստանի  Կարաբուդախքենդի շրջանում հարձակվել եւ գնդակահարել են ոստիկանության  բաժանմունքի աշխատակցին ու նրա ընտանիքի անդամներին։ Արդյունքում սպանվել է ոստիկանը եւ նրա դուստրը։

«Անհայտ անձինք տնից դուրս են կանչել ոստիկանին, ու երբ նա դուրս է եկել` կրակել են վերջինիս ուղղությամբ։ Կրակոցի ձայն լսելով դուրս են եկել նաեւ ոստիկանի կինն ու աղջիկը, որոնց վրա եւս կրակել են»,- հաղորդում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը։

Ոստիկանը եւ նրա դուստրը մահացել են տեղում, իսկ կինը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «սպանության», «անօրինական զենք պահելու» եւ «իրավապահ մարմնի աշխատակցի նկատմամբ ոտնձգությունն կատարելու» հոդվածներով։ Հնարավոր է, որ հանցագործներին դատապարտեն ցմահ բանտարկության: