Պատմական հաղթանակ՝ հայկական սպորտում: Նորվեգիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը առաջին անգամ թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը: Երկրորդ ոսկե մեդալն այսօր ապահովեց գերծանր քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը՝ երկրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Հայ մարզուհին երկամարտի արդունքում բարձրացրեց 250 կգ, մեկ կգ գերազանցելով երկրորդ տեղը գրաված վրացուհուն: Տղամարդկանց հավաքականում նույնպես այսօր մեդալակիրներ ավելացան: Գերծանրքաշային ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե, իսկ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալ:
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հակառակորդները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կրկին խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ինչի հետեւանքով հայ զինծառայող է վիրավորվել: Գիշերը ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծում ինժեներական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են հակառակորդի մեկ դիակ:
ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչությունը հրապարակել է ապրիլի 2-ին խոցված ադրբեջանական ուղղաթիռում հայտնաբերված փաստաթղթերը՝ օդաչուի գրառումները և մարտական քարտեզը: Քարտեզում նշված էր Արցախի տարածքում 9 նշանակետ՝ առաջնագծից մինչեւ 10 կմ խորությամբ, ամենահեռահարը՝ Ֆիզուլի քաղաքի հարավարեւելյան մասում: Խոցված ուղղաթիռը ռուսական ՄԻ 24-ի Հարավաֆրիկյան Հանրապետությունում արդիականացված տարբերակն է:
Ունենալով հակատանկային, ինչպես նաեւ ցամաքային զորքերի դեմ կիրառվող` ոչ կառավարվող միջոցներ՝ օդաչուն հասցրել է կիրառել միայն թնդանոթը, ձգանը սեղմած են պահել մոտ երկու րոպե եւ այդ վիճակում էլ խոցվել մեր տղաների կողմից: Հայկական կողմից խոցված` հակառակորդի երկրորդ ուղղաթիռը` Մի-8-ը, ամենայն հավանականությամբ պետք է շրջափակման մեջ ընկած դիվերսիոն խմբի տարհանումն իրականացներ կամ նրանց օգնություն ցուցաբերեր` իջեցնելով հատուկ նշանակության ուժեր: Մի-8 ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածքում այնուհետև վթարային վայրէջք կատարել Ադրբեջանի տարածքում՝ առաջնագծից մոտ 500 մետր խորության վրա:
Ինչու են առաջնագծում ծառայում միայն անապահով ընտանիքների երեխաները: Վերջին օրերին հասարակության մեջ հասունացած այս սուր հարցադրմանը այսօր պատասխանել է Սեյրան Օհանյանը:
Ապրիլի 15-ի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, թե հարձակվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեւանյան առանձնատան վրա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը տան ուղղությամբ ուսումնական նռնակ է նետել մեքենայի միջից: Ռոբերտ Քոչարյանն այս պահին Մոսկվայում է, նրա ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել:
Մոսկվայում խարդախության մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված, հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ անմարդակային վերաբերմունք են դրսեւորել: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող Հայրապետյանին տեղավորել են այնպիսի բանտախցում, որտեղ տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը մտահոգություն է հայտնել, որ այս պայմաններում 67-ամյա գործարարի կյանքին վտանգ է սպառնում:
Ճապոնիայում երկու օրում մի քանի ուժեղ երկրաշարժ է գրանցվել, ամենաուժեղը՝ 7,3 մագնիտուդով: Հետցնցումները ներառյալ, ընդհանուր առմամբ, ավելի քան 290 երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի թիվը հասել է 39-ի: Տարհանվել է մոտ 100 հազար մարդ կա: Հզոր ցնցումների առաջացրած սողանքներից հարյուրավոր տներ են փլվել: Փրկարարները շարունակում են փլատակների տակ մարդկանց որոնել:
Հիմնական արժույթների փոխարժեքներն ապրիլի 16-ին նվազել են: Փոխանակման կետերը դոլարը գնել են 481, վաճառել՝ 484 դրամով, եվրոյի առքը կազմել է 540, վաճառքը՝ 552 դրամ, բրիտանական ֆունտի առքը՝ 679, վաճառքը՝ 705 դրամով, ռուսական ռուբլու առքը 7,1 դրամ է, վաճառքը՝ 7,4 դրամ:
Ապրիլի 17-ին Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև 6, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 22 աստիճան տաքություն։











