Հրազդանում ապրիլի 17-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվելու, քանի որ բոլոր քվեները պաշտպանվել են, ոչ մի քվե չի կորսվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Հրազդանում երեկ չեն եղել լցոնումներ, կրկնակի քվեարկություններ: Ընտրությունների վերահսկման այն մեխանիզմը, որ մենք ներդրել էինք, բացառում էր սկզբունքորեն նման բանը: Մենք ի գիտություն ենք ընդունում ընտրությունների արդյունքները, խնդիրը հետեւյալն է, որ մենք շատ կարեւոր ենք համարում քաղաքական փոփոխություններ բերելն ու փոփոխությունների հասնելը, սակայն ակնհայտ է, որ որեւէ հանրությունում հնարավոր չէ փոփոխության հասնել՝ առանց հանրության մեծամասնության ցանկության: Այսօր մենք արձանագրում ենք, որ հրազդանցիների 50+1 տոկոսը փոփոխություններ բերելու պատվեր մեզ չի տվել, իհարկե, դա եղել է ընտրակաշառքի բաժանման եւ հարկադրանքի միջոցով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ պատգամավորը համոզված է, որ եթե Արամ Դանիելյանն ընտրակաշառք չբաժաներ, հաջողության չէր հասնի:

Պատգամավորի խոսքով՝ Հրազդանում գրանցված արդյունքների համար իրենք ոչ ոքի չեն մեղադրում, հակառակը ներողություն են խնդրում այն քաղաքացիներից, որոնք գտնվում են սոցիալական նման ծանր վիճակում:

«Որպես կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր՝ ասում եմ, որ սա մեր ամոթն է: Մենք էլ մեր պատասխանատվության բաժինն ունենք: Այսուհետ, մեր գործունեությունը միտված է լինելու մեր օգտին քվեարկած քաղաքացիների վստահությունն ամրապնդելու եւ մեր օգտին չքվեարկած քաղաքացիներին ավելի հասկանալի դառնալու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին հիշեցնելով, որ Սասուն Միքայելյանի օգտին տված ոչ մի քվե չի կորսվել:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանը: Նա ստացել է 12 հազար 510 ձայն (50,3 տոկոս): Դանիելյանի հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն ստացել է 10 հազար 267 ձայն (42 տոկոս), իսկ «Հայկական վերածնունդի» թեկնածու Արթուր Միսակյանը՝ 1237 ձայն (5 տոկոս):

Անվավեր է ճանաչվել 813 քվեաթերթիկ: