Նա, ով վատ է տիրապետում մայրենի լեզվին, վատ է տիրապետում կամ ընդհանրապես չի տիրապետում օտար լեզվին  եւ հակառակը։ Ազգային ժողովում օտարալեզու դպրոցների բացման մասին լսումների ժամանակ նման համոզմունք հայտնեց ԵՊՀ հայագիտության ամբիոնի ղեկավար Գարեգին Չուգազսյանը՝ իր խոսքերը հասցեագրելով Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին։

«Դո՛ւք, պրն նախարար, շատ վատ եք տիրապետում մայրենի լեզվին, ընդունակ չեք ձեւակերպել Ձեր մտքերը, հաճախ եք օգտագործում օտար բառեր եւ արտահայտություններ, որոնց համարժեքները կան հայերենում։ Նշանակում է՝ Դուք չեք տիրապետում կամ վատ եք տիրապետում նաեւ օտար լեզուներին։ Օրինակ՝ ես, տիրապետում եմ չորս օտար լեզուների, դրանցով բոլորով էլ միաժամանակ դասավանդում  եմ, սակայն հրաշալի խոսում եմ հատկապես մայրենի լեզվով»,- նշեց Չուգազսյանը։ Նա նկատեց, որ երեխաները, հեռուստատեսությամբ կամ ռադիոյով լսելով Աշոտյանի ելույթները, կարող են մտածել, որ հայրենիքում նախարար կարելի է դառնալ առանց մայրենիին տիրապետելու։ «Ինչպե՞ս կարող է հայերենին չտիրապետող մարդը ղեկավարել այդ լեզուն դասավանդող ոլորտը։ Այս առիթով ես երկրի ղեկավարությանը կոչ եմ անում մտածել Ձեզ այլ պաշտոնի նշանակելու հարցի շուրջ: Պաշտոնի, որն ավելի համապատասխան կլինի Ձեր կրթության մակարդակին եւ հնարավորություններին»,- հայտարարեց Չուազսյանը։ Այս առաջարկությունը լսումների մասնակիցների կողմից ծափահարություններով ընդունվեց։

Սա, սակայն, չամաչեցրեց Աշոտյանին, ով համբերատար կերպով բացատրեց գիտնականին, որ գիտության մեջ լրիվ նորմալ իրար կողք-կողք գոյատեւում են լեզուների օգտագործման երկու միջոցներ. առաջին, երբ լեզվի մեջ գործածվում են օտարալեզու արտահայտություններ եւ տերմիններ, եւ երկրորդ, երբ այդ տերմիններն ու արտահայտությունները թարգմանվում են այդ լեզվով։ «Այդ երկու տարբերակներն էլ գործածելի են, իսկ դրանց ընտրությունը կախված է մարդուց»,- բացատրեց Աշոտյանը։ Նա նաեւ նկատեց, որ որպես բժիշկ, ինքը կարող է ախտորոշել Չուգազսյանին, որպես մարդ՝ զերծ կմնա դրանից։

Նշենք, որ կրթության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որը նախատեսում է Հայաստանում 11 օտարալեզու դպրոցներ բացել, բազմաթիվ հակառակորդներ ունի։