Արարատի մարզի Մասիսի քաղաքի բնակիչներ Ահմեդ Ֆերոյանը եւ Էդվարդ Խուդոյանը ավազակային հարձակումներ եւ կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Ըստ ոստիկանության՝ մարտի 13-ի գիշերը բերման ենթարկվածները դիմակավորված մուտք են գործել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի տարեց մաուսինների տուն՝ իմանալով, որ նրանց որդիներն արտասահմանից գումար են ուղարկում, տանը փող կա:
«Դուռը բացեցի, տեսա մեկը դիմացս կանգնած ա, ասեցի՝ ստեղ ի՞նչ ես անում, կամաց-կամաց դեպի ինձ եկավ, հետեւիցս խփեցին, ես ընկա ցած, ուզում էի հելնեի, նորից խփեցին»,-պատմել է տուժած տարեց տղամարդը՝ ոստիկաններին ասելով, որ դիմակավորների ոչ ձայնը, ոչ կազմվածքն իրեն ծանոթ չի եղել:
Նույն օրը Երասխավան գյուղի մեկ այլ բնակչից ահազանգ է ստացվել, որ բակից առեւանգել են իր մեքենան, որն ավելի ուշ Արաքս-Ռանչպար գյուղի ավտոճանապարհին այրված է հայտնաբերվել:
Ահմեդը խոստովանել է նաեւ, որ վերջին շրջանում մի քանի մեքենաներ են տարբեր բնակավայրերից առեւանգել, ապամոնտաժել պահեստամասերը եւ վաճառել:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











