ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ապրիլի 15-ին, ուսումնական նռնակ նետելու մեջ կասկածվող անձին քիչ առաջ ձերբակալել են Շենգավիթ վարչական շրջանում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Երկրորդ նախագահի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու կասկածանքով բերման ենթարկվածը 32-ամյա Հովհաննես Մուրադյանն է:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հովհաննես Մուրադյանը տաքսու վարորդ է:

Armtimes.com-ի փոխանցմամբ, կասկածյալին ձերբակալել են Մանանդյան փողոցից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15-ին, ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ:

Առերեւույթ հանցագործություն կատարած անձը գտնվել է ավտոմեքենայի մեջ, այսինքն` հենց մեքենայից միջից է նետել նռնակը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ: Ներկայումս ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ որոնողական ու քննչական գործողություններ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: