ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կոչը` ղարաբաղյան հակամարտության շփման գոտուց հանել դիպուկահարներին, բուռն վրդովվմունք է առաջացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուի մոտ։
Պաշտոնյան, որին ղեկավարությունը հրամայել է հիմնավորել Ադրբեջանի փաստացի հրաժարումը կատարելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, չգտնելով լուրջ պատճառներ, որոշել է սահմանափակվել հայկական կողմի հասցեին հնչեցվող մեղադրանքների ավանդական փաթեթով։
Դիպուկահարների շփման գծից հետ քաշելու նախաձեռնությունն անվանելով հայկական կողմի պատրաստած «թակարդը»՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարն անմիջապես խուսափել է պատասխանել Բան Կի Մունի բավականին հստակ կոչին։ Այս ամենն, ինչպես միշտ, ուղորդվել է ցինիկ փորձերով` ողջ մեղքը գցել հայկական կողմի վրա, այդ թվում նաեւ իրավիճակի սրացման պատճառով շփման գոտում վերջին ամիսներին ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների կտրուկ ավելացումը:
«Հետաքրքիր է տեսնել, կճանաչի՞ ագրեսորն իր սխալն այն բանից հետո, երբ դուրս բերվեն դիպուկահարները։ Կամ թե կազատագրե՞ն նրանք գրավյալ ադրբեջանական տարածքները։ Հիմնական խնդիրն էլ հենց դրանում է։ Ասենք թե վաղն այդ առաջարկությունն իրականացվի եւ դիպուկահարներին հետ կանչեն զորքերի շփման գծից։ Դա կնշանակի՞ արդյոք, որ կդադարեն կրակոցները այլ զենքերից։ Միայն այս վերջին ամսվա ընթացքում, մեր զինծառայողների վրա բազմիցս կրակոցներ են արձակվել ինքնաձիգներից եւ գնդացիրներից, ինչպես նաեւ նռնականետերից։ Ստացվում է, որ առաջին հերթին պետք է ջանալ՝ Հայաստանին հեռացնել զավթողական քաղաքականությունից եւ կատարել ՄԱԿ-ի, ինչպես նաեւ միազգային այլ կազմակերպությունների որոշումներն ու բանաձեւերը»,- մեջբերում է Սաբիրօղլուն APA գործակալությունը։
Ինչպես նշվում է հայտնի ասացվածքում «Ես տանձից եմ խոսում, դու խնձորից»:





























