Երեւանի Հանրապետության Հրապարակից մեկնարկել է «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պահանջով երթը դեպի Հայաստանի արտգործնախարարության շենք եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի Հայաստանի ԱԳՆ, որտեղ Լեւոն Հայրապետյանին ազատ արձակելուն միջնորդելու պահանջով նամակ են հանձնելու, նրանք պահանջում են արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ եւ փորձել հասնել Լեւոն Հայրապետյանի ազատ արձակմանը:
Ցուցարարներն այնուհետեւ շարժվելու են ՌԴ դեսպանատուն՝ նույն պահանջով նամակ հանձնելու:
Նշենք, որ օրերս Մոսկվայի դատարանը հայ բարերար Լեւոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Լեւոն Հայրապետյանը ծանր առողջական վիճակում է, սակայն, դա հաշվի չառնելով, նրան տեղափոխել են ընդհանուր պատժախուց: Գործարարը ազատազրկումից առաջ 1 տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի տակ է գտնվել: Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ եւ երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:
Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակի փոխելու հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակ է ուղղվել, որի տակ ընդամենը երկու օրում՝ ապրիլի 16-17-ը, ավելի քան 15 հազար մարդ է ստորագրել:
Նշենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով 700 հազար դոլարի չափով խարդախություն կատարելու համար: Դատարանը հաստատել է, որ Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիայի նախկին սենատոր, ցմահ դատապարտված Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու պատիժը մեղմելուն նպաստելու համար, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա:












