Պարզվում է՝ միայն Հայաստանը չէ, որ «Գազպրոմից» էժան գազ է պահանջում։ Գերմանական Die Welt թերթը տեղեկացնում է, որ եվրոպական էներգետիկ ընկերությունները նույնպես ռուսական հսկայից պահանջում են նվազեցնել Եվրոպա մատակարարվող գազի գինն` այն պատճառաբանությամբ, որ շուկայում գներն ընկել են։ Ի հավելումն դրա՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այս կիրակի Պեկին կատարած այցի ընթացքում կողմերը չեն կարողացել համաձայնեցնել դեպի Չինաստան գազի մատակարման սակագինը։ Չինական կողմը 1000 խմ գազի համար 200 դոլարից ավելի չի ցանկանում վճարել, իսկ ռուսական կողմն ակնարկում է եվրոպական գների մասին, որը 300 դոլարից բարձր է։ Հիշեցնենք, որ Հայաստան գազը առաքվում է 180 դոլարով, սակայն «Գազպրոմի» ներկայացուցիչները հայտարարել են 2011 թ. այդ գնի բարձրացման մասին:

Տնտեսական ճգնաժամը որոշ չափով նվազեցրել է գազի սպառումը Եվրոպայում։ Բացի այդ՝ ԱՄՆ-ը դադարեցրել է սեղմված գազի ներկրումը, որի հետեւանքով դրա հիմնական մատակարար Կատարը այդ գազն առաքում է Եվրոպա։ Իր հերթին՝ Նորվեգիան ավելացրել է գազի արդյունահանումը։

Սակայն եվրոպական ընկերություններից միայն գերմանական E.on-ին է հաջողվել համոզել «Գազպրոմին»՝ առաքվող գազի 15 տոկոսի դիմաց վճարել նվազեցված գներով։ Սակայն «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը կտրուկ հայտարարել է, որ որեւէ այլ զիջում անել չեն ցանկանում։

Ռուսաստանում վստահ են, որ շուկայական գնի տատանումը միայն ժամանակավոր բնույթ ունի, այնինչ գազն առաքվում է երկարաժամկետ պայմանագրերով եւ փոխկապված է նավթի գնի հետ։ Իսկ Ռուսաստանի վարչապետ Վլ. Պուտինը միջազգային փորձագետների հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ «Գազպրոմի» ղեկավարությունը հանուն շահույթի պետք է ընտրություն կատարի կոշտ քաղաքականության օգտին։