«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պահանջով  երթի մասնակիցներն այսօր՝ ապրիլի 19-ին,  նամակ հանձնեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որով պահանջում են ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի ազատությունը:

Ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ դեսպանատանը, որն առաջացրեց ցուցարարների դժգոհությունը: Երթի մասնակիցները «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» գրությամբ պաստառներով եւ վանկարկումներով կանգնեցին դեսպանատան հարակից մայթին:

Երթի կազմակերպիչները նշեցին, որ ակցիաները շարունակական են լինելու եւ ամեն ինչ անելու են, որպեսզի Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվի:

Նշենք, որ երթի մասնակցիները «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պահանջով նամակ են հանձնել նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Մինչ նամակը հանձնվում էր ԱԳՆ-ին, ակցիայի մասնակիցները բացականչում էին՝ «Ազատություն Լեւոն Հայրապետյանին», «Անհայտ կորած Նալբանդյան»։

Հիշեցնենք, որ  Երեւանի Հանրապետության Հրապարակից մեկնարկել է «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» պահանջով  երթը դեպի Հայաստանի արտգործնախարարության շենք եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Նրանք պահանջում են արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ եւ փորձել հասնել Լեւոն Հայրապետյանի ազատ արձակմանը:

Ցուցարարները նույն պահանջով նամակ կհանձնեն նաեւ  Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Նշենք, որ օրերս Մոսկվայի դատարանը հայ բարերար Լեւոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Լեւոն Հայրապետյանը ծանր առողջական վիճակում է, սակայն, դա հաշվի չառնելով, նրան տեղափոխել են ընդհանուր պատժախուց:  Գործարարը ազատազրկումից առաջ  1 տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի տակ է գտնվել:  Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ եւ երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակի փոխելու հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակ է ուղղվել, որի տակ ընդամենը երկու օրում՝ ապրիլի 16-17-ը,  ավելի քան 15 հազար մարդ է ստորագրել:

Նշենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով 700 հազար դոլարի չափով խարդախություն կատարելու համար: Դատարանը հաստատել է, որ Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիայի նախկին սենատոր, ցմահ դատապարտված Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու պատիժը մեղմելուն նպաստելու համար, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am