ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի սկզբին: Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչեւ փաստահավաք առաքելությունը ծրագրում են լինել Բաքվում, ապա կգան Երեւան:

Նշենք, որ սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հանամախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են վարել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ»: Համաձայն հայտարարության՝ հանդիպումներին ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը։ Համանախագահները արտգործնախարարներին տեղեկացրել են դեկտեմբերի 4-ից 14-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ կայանալիք փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքների մասին։

ԵԱՀԿ Մինսկի խումբն իր առաքելությանը մասնակցելու համար հրավիրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ փախստականների հետ տարվող աշխատանքների Գերագույն հանձնաժողովի փորձագետներին։

Համանախագահները ներկայացրել են իրենց աշխատանքային պլանը, այդ թվում եւ՝ ԵԱՀԿ Աստանայում կայանալիք գագաթաժողովին նախապատրաստվելը»: