21-րդ դարում կան այնպիսի մեխանիզմներ, որոնք առնվազն ավելի արդյունավետ են, քան պահածոների տուփերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՏՏ ոլորտի մասնագետների հայտարարությանը, թե իրենք մի քանի տարի է՝ առաջարկում են ժամանակակից սարքեր արտադրել, մինչդեռ ՊՆ-ն հրաժարվում է:
«Ինքս մասնագետ չեմ, չեմ կարող մտնել ոլորտի նրբությունների մեջ եւ վստահ լինել, թե առաջարկությունները որքանով են համապատասխանում իրականությանը կամ արդյոք նրանց ստեղծած համակարգերը կարող են արդյունավետ պաշտպանել: Սակայն համոզված եմ, որ մեր սահմանների պաշտպանությունը պետք է դրվի նաեւ այսօրվա ժամանակակից սենսորների, սարքավորումների վրա: Թե որ տեսակի սարքերն են անհրաժեշտ, պրոֆեսիոնալների գործն է: Մենք այսօր սահմաններին ունենք պահածոների տուփեր, որոնք զինվորականների պնդմամբ, ավելի ապահով է: Ինքս մասնագետ չեմ, սակայն վստահ եմ, որ 21-րդ դարի այս ժամանակահատվածում կան մեխանիզմներ, սարքավորումներ, որոնք առնվազն շատ ավելի արդյունավետ են, քան պահածոների տուփերը»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղարի խոսքով՝ Զինված ուժերն ունի սպառազինության նոր մակարդակ, որը վստահաբար, 80-ականների չէ« իսկ Սերժ Սարգսյանի բեռլինյան հայտարարությունը պետք չէ տեղայնացնել. «Այլ բան է, որ գերժամանակակից սպառազինություն ունենալու կարիքն անսահման է, այնպիսի սպառազինության, որը կկարողանա արդյունավետ դիմագրավել Ադրբեջանի՝ միլիարդներ ծախսած եւ տարբեր երկրներից ձեռք բերած սպառազինության դեմ: Ակնհայտ է, որ այստեղ մենք ունենք խնդիրներ, բանակի ապահովման հարցեր էլ կան: Հետեւություններ անելով քառօրյա պատերազմից՝ շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք բանակի համար մրցույթների վրա՝ սկսած զինվորի հագուստից եւ ուտելիքից: Պետք է բացառել որեւէ չարաշահում, բանակի հաշվին որեւէ պաշտոնյայի կամ զինվորականի հարստության կուտակում: Այստեղ մենք իրոք խնդիրներ ունենք, սակայն սպառազինություն բավականին ունենք, հաստատ 80-ականների զենքով չենք կռվում»:
Աղվան Վարդանյանի կարծիքով, այսօր կան ծախսեր, որոնց մի մասը կարելի է ուղղել բանակին, օրինակ, Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի կառուցման համար տրամադրված գումարի մի մասը:
«Միեւնույն ժամանակ, մենք միջազգային կազմակերպությունների անդամներ ենք ու ունենք պարտավորություններ, թե պետական բյուջեի քանի տոկոսը պետք է ծախսվի բանակի վրա: Ինքս կարծում եմ՝ մենք սրանով չենք բավարարվում եւ այլ գումարներ էլ ենք ուղղում բանակին, բայց որ մենք խնայելու խնդիր ունենք, ակնհայտ է»,- ասաց պատգամավորը:
Չորսօրյա պատերազմից հետո, ՀՅԴ-ի ներկայացուցչի խոսքով, ցանկացած պետական պաշտոնյա, քաղաքական գործիչ պետք է հասկանա, որ իր հենարանը ժողովուրդն է, եւ իր գործունեության մեջ պետք է առաջնորդվի ոչ թե անձնական շահով, փող աշխատելու մարմաջով, այլ սիրի իր ժողովրդին, հարգի եւ նրանց վերաբերվի՝ որպես սեփական անձի:





























