ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, այսօր՝ ապրիլի 19-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Գեւորգ Գեւորգյանը Լոռու մարզի Աքորիի գյուղից է: NEWS.am-ի հետ զրույցում, Աքորիի գյուղապետարանի աշխատակիցներից տիկին Լուսինեն նշեց, որ Գեւորգը անապահով ընտանիքից է. 6 երեխա են՝ երեք քույր, երեք եղբայր, Գեւորգը երկրորդ երեխան էր: Նրա ծնողներն զբաղվում են հողագործությամբ, մի կերպ կարողանում են ընտանիքը պահելու համար գումար վաստակել: Նա 2015թ. հունվարին էր բանակ գնացել, մեկ տարուց կզորացրվեր:
«Շատ համեստ, խելոք տղա էր, խեղճ, անապահով ընտանիքից: 2015թ. հունվարին էր բանակ գնացել, մի տարուց կզորացրվեր»,-ասաց տիկին Լուսինեն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գեւորգ Գարեգինի Գեւորգյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























