NASA-ի արեգակնային դինամիկայի աստղադիտարանն Արեգակի վրա հզոր բռնկում է արձանագրել: Դա տեղի է ունեցել ապրիլի 18-ին:

Ըստ Informing-ի, մասնագետները դա համարում են М 6.7 դասի բռնկում: Աստղագետների տեղեկացմամբ, հզոր ուլտրամանուշակագույն բռնկումն արձանագրվել է AR2529 շրջանում, որին գիտնականները հետեւում էին մեկ շաբաթ շարունակ: Սկզբում բիծն աճել է՝ հետաքրքիր ձեւ ստանալով, ինչի համար էլ այն կոչել են «արեգակի սիրտը»:

Ապրիլի 18-ին այդ բիծն ակտիվություն է ցուցաբերել, արդյունքում հզոր բռնկում է տեղի ունեցել: Գիտնականներին հաջողվել է տեսագրել բռնկումը: Այն Երկրի ցերեկային կողմում կարճ ալիքների ռադիոկապի խախտման պատճառ է դարձել:

Գիտնականների կանխատեսմամբ, «արեգակի սիրտն» ակտիվ կլինի դեռեւս մի քանի օր: Հաշվի առնելով, որ այն հզոր մագնիսական դաշտ է ստեղծել, հարկավոր է M դասի նոր բռնկումներ սպասել: