Yahoo Inc. Ինտերնետային ընկերությունը, որն ԱՄՆ-ի ամենաշատ այցելու ունեցող ինտերնետ-պորտալներից մեկի սեփականատերն է, 2016-ի առաջին եռամսյակում իր եկամուտը կրճատել է մինչեւ 859,4 մլն դոլար, առանց հաշվի առնելու գործընկերներին վճարված 18 տոկոս միջնորդավճարները, ասված է ընկերության հաշվետվության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Առաջին անգամ այն ամբողջ ընթացքում, երբ ընկերությունը ղեկավարում է Մարիսա Մայերը, այդ ցուցանիշը մեկ մլրդ դոլարից պակաս էր:
Հունվար-մարտին Yahoo-ի մաքուր վնասը 99,2 մլն դոլար է կազմել կամ էլ` ամեն բաժնետոմսին տասը ցենտ, 2015-ի նույն ժամանակաշրջանում մաքուր եկամուտը 21,2 մլն դոլարի մակարդակում էր կամ էլ բաժնետոմսը` երկու ցենտ:
Ճշգրտված եկամուտը ամեն բաժնետոմսի հաշվարկով ութ ցենտ է կազմել: Եկամտի ընդհանուր ցուցանիշը նվազել է 11 տոկոսով, մինչեւ 1,087 մլրդ դոլար:
Ուոլլ-սթրիթի վերլուծաբանները միջին ճշգրտված եկամուտ էին սպասում մեկ բաժնետոմսի համար յութ ցենտի մակարդակում` 1,076 մլրդ դոլար եկամտի դեպքում:
The Wall Street Journal-ը գրում է, որ եկամտի կտրուկ կրճատումը կարող է Yahoo-ի պոտենցիալ գնորդներին ստիպել մտորել նման ձեռքբերման նպատակահարմարության մասին, չնայած Մայերը վերլուծաբանների համար տեսաասուլիսի ընթացքում եռամսյակը տարվա լավ սկիզբ է կոչել:
Նա նաեւ հաղորդել է, որ Yahoo-ի ղեկավարությունը վաճառքի հարցն իր գործունեության առաջնահերթությունն է դարձրել: Երկուշաբթի լրացել է Yahoo-ի գնման նախնական հայտերի ընդունման ժամկետը: Տեսաասուլիսի ընթացքում Մայերը տվյալներ չի բացահայտել Yahoo-ի բաժնետոմսերի հավակնորդների վերաբերյալ եւ մանրամասներ չի հաղորդել վաճառքի գործընթացի մասին:
Տեղեկացված աղբյուրների տվյալներով, կապի ամերիկյան Verizon Communications Inc. օպերատորը, բրիտանական Daily Mail հրատարակչատունը եւ ուղիղ ներդրումների TPG ընկերությունը Yahoo-ի գնման անկախ հայտեր են ներկայացրել, հայտ է ներկայացվել նաեւ ներդրողների խմբից, որը ներառում է Bain Capital-ը, Vista Equity Partners-ը եւ Yahoo-ի նախկին գլխավոր տնօրեն Ռոս Լեւինսոնին:
Առաջարկված գումարները տեղավորվում են չորսից ութ մլրդ դոլարի դիապազոնում, պնդում են աղբյուրները: Yahoo-ի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Երեքշաբթի լրացուցիչ առք ու վաճառքի ընթացքում Yahoo-ի բաժնետոմսերի գինն աճել է 2,2 տոկոսով: Վերջին 12 ամսվա ընթացքում ընկերության կապիտալիզացիան կրճատվել է 17 տոկոսով:




























