Beeline-ն ավագ կուրսերի ուսանողներին կներկայացնի ստաժավորման ծրագիր «Կրթություն եւ կարիերա Expo» 2016 տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 20-22-ը «Երեւան EXPO» ցուցահանդեսային համալիրում: Ստաժավորման ծրագրից բացի Beeline-ը կներկայացնի Beeline-ի ինտերնետ ծառայությունների «Տարածքային վաճառքների մենեջեր» ծրագիրը, որն ուղղված է երիտասարդներին եւ ուսանողներին աշխատանքով ապահովելուն:
Beeline-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Beeline-ն ուսանողներին կառաջարկի անցնել 9 ամիս տեւողությամբ վճարվող ստաժավորում ընկերության տարբեր բաժիններում` Մոնիտորինգի կենտրոն, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինություն, Գործառնությունների վերահսկողության վարչություն, Մարքեթինգի ծառայություն, Իրավաբանական վարչություն եւ Հաճախորդների փորձի բարելավման նախագիծ: Ծրագրի արդյունքներով լավագույն փորձնակները կստանան հնարավորություն անցնելու հիմնական աշխատանքի Beeline-ում:
«Beeline-ը յուրաքանչյուր ուսանողի առաջարկում է ստաժավորման անհատական ծրագիր եւ նշանակում անձնական ղեկավարի: Փորձնակները հնարավորություն կունենան մասնակցելու ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ կկատարեն հետաքրքիր գործնական առաջադրանքներ, որոնք թույլ են տալիս կիրառել գիտելիքները պրակտիկայում: Մեծ ընկերությունում աշխատելու փորձը երկրի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի օրինակով անշուշտ լավ սկիզբ կլինի երիտասարդ մասնագետների հետագա կարիերայի համար եւ կօգնի դարձնել նրանց կյանքն ավելի լավը, իսկ մեզ, որպես նորարար ընկերություն հիանալի հնարավորություն է նպատակասլաց եւ տաղանդավոր փորձնակներով լրացնելու մեր աշխատակիցների շարքերը: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրը Beeline-ի «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության մի մասն է: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը եւ կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները եւ ճիշտ կառուցել իրենց ապագան», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008 թ.: Այս ընթացքում ընկերությունում պրակտիկա է անցել 96 փորձնակ, որից 47-ը դարձել են Beeline-ի աշխատակից: Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել երկրի առաջատար բուհերի ավագ կուրսերի ուսանողները: Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի համար փորձնակների հավաքագրումն անցկացվում է ամեն տարի ապրիլից մինչեւ հունիս: Ուսանողներին անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումը ընկերության www.beeline.am կայքում։
«Թող քո հետքը» գլոբալ ռազմավարությունը «ՎիմպելԿոմ»-ի սոցիալական կորպորատիվ քաղաքականության առանցքային մասն է եւ ուղղված է նրան, որպեսզի աջակցի երիտասարդ սերնդին թվային տեխնոլոգիաների եւ նորարարությունների միջոցով կառուցել իրենց ապագան:




























