«Շանհայ- Էքսպո 2010»-ում երկրները ներկայացրել են ոչ միայն ֆիզիկական տաղավար, այլեւ վիրտուալ, սակայն վերջինիս առկայությունը կախված է եղել երկրների ցանկությունից։ Դա պայմանավորված էր նրանով, որ ցուցահանդեսում վիրտուալ տաղավարների ցուցադրությունը կազմակերպվում էր առաջին անգամ։ Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շանհայ Էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսում ՀՀ կազմկոմիտեի անդամ, «Բի Լայն» ընկերության տնօրեն Հայկ Խանջյանը, հավռելելով, որ «Շանհայ- Էքսպո 2010»-ում Հայաստանը ներկայացել է թե՝ ֆիզիկական, թե՝ վիրտուալ տաղավարներով:
Նրա խոսքով, Հայաստանը միակ երկիրն էր, որի վիրտուալ տաղավարին մրցանակ շնորհվեց «Էքսպո Շանհայ օնլայն բյուրոյի» որոշմամբ՝ ամենաինովացիոն, լավագույն լուծումներից մեկը եւ ամենաիդեալական տաղավարներից մեկը լինելու համար։ Հ. Խանջյանի ներկայացմամբ՝ Հայաստանի վիրտուալ տաղավարը ոչ միայն ներկայացված էր 3D ֆորմատով, այլեւ ինտերակտիվ 3D նոր ծրագրով։
«Հայաստանի վիրտուալ տաղավարն ամենաբարդերից մեկն էր եւ ամենակատարյալներից մեկը։ Վիրտուալ տաղավարը ֆիզիկական տաղավարի ներկայացումից բացի, ներառում էր Հայաստանի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութեր»,-ասաց Հ. Խանջյանը՝ նշելով, որ Հայաստանի վիրտուալ տաղավարը նաեւ ամենաշատ նորացված/թարմացված տաղավարներից է։
Հ. Խանջյանի խոսքով՝ Հայաստանի վիրտուալ տաղավարն ընդամենը 20 օրում (մայիսի 1-20)-ը ընկած ժամանակահատվածում այցելել է 14,5 հազ. մարդ։
Հ. Խանջյանը տեղեկացրեց նաեւ, որ երկրների վիրտուալ տաղավարը կգործի «Շանհայ էքսպո 2010»-ի ինտերնետային կայքում մինչեւ հաջորդ տարի։




























