Հայաստանը դաշնակից է համարվում մի պետության, որը այլ երկրի հետ մեր դեմ ուղղված պայմանագիր ունի։ Այս մասին ապրիլի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ դա անթույլատրելի է ու անտրամաբանական։ «Մեր հասարակությունը նման նոր հոգեբանական մթնոլորտում է, որը մեզ ուղղորդում է կոնսոլիդացման եւ գիտակցված վերաբերմունքի։ Մենք նոր փաստերի առաջ ենք կանգնել, մեզ նոր աղետներ են սպասում, եթե մենք այսպես շարունակենք»,- նշել է Հայրիկյանը։

Նա հավելել է, որ հայտնվել է բաց նախաձեռնություն, շարունակվում է ստորագրահավաքը, որի համաձայն՝ Հայաստանի համար առաջնային է ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից եւ ՀԱՊԿ-ից հրաժարվելը։ «Առաջընթացի եւ զարգացման միակ երաշխիքը Արեւմուտքի երկրների, եվրոպական կառույցների հետ խորը համագործակցությունն է, որոնք բարձրագույն արժեք են համարում օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը»,- նշվում է հայտարարության մեջ։

Ստորագրահավաքի նախաձեռնությամբ հանդես են եկել մտավորականության ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները, ասել է Հայրիկյանը։