Կառավարության դիմաց այսօր՝ ապրիլի 21-ին, «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամներն աղբամանի մեջ լցրեցին թուրքական արտադրության մի քանի ապրանքներ՝ կոչ անելով չգնել թուրքական արտադրության ապրանք եւ չհարստացնել Թուրքիային:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախաձեռնության անդամներն ի նշան բողոքի ցանկանում էին այրել այդ ապրանքները, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Ակցիայի մասնակիցները բավարարվեցին թուրքական արտադրության ապրանքներն աղբամանը լցնելով:
Ակցիայի մասնակիցներից Վարդան Վարդանյանի խոսքով՝ հայկական շուկայում կան ոչ միայն թուրքական, այլեւ ադրբեջանական արտադրության ապրանքներ, որոնք հայ հասարակությունը գնում է եւ օգտագործում է: Սա ապացուցելու համար Վարդան Վարդանյանը բերել էր ադրբեջանական արտադրության փոցխ, որի վրա ադրբեջաներենով գրառում կա:
Նախաձեռնության անդամներն իրենց հետ բերել են նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակ, որով պահանջում են դադարեցնել թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան եւ խթանել հայրենական արտադրությունը:











